Պատմություն 9

Զինված պայքարը Արցախում և Սյունիքում

Արցախում

18-րդ դարասկզբին Իրանը հայտնվել էր չափազանց ծանր դրության մեջ։ Դա նպաստավոր պայմաններ ստեղծեց հպատակ ժողովուրդների ազատագրական պայքարի ծավալման համար։ Ապստամբած աֆղաններին հաջողվեց 1722թ. գրավել Իրանի մայրաքաղաք Սպահանը։ Իրավիճակից շտապեց օգտվել դեպի հարավ ՝ մերձկասպյան տարածքներին տիրանալ ձգտող Ռուսաստանը։ Պարսից շահին ապստամբներից պաշտպանելու պատրվակով կայսր Պետրոս 1-ը 1722թ. արշավանք կազմակերպեց դեպի Իրան։ Ռուսաց կայսրի արշավանքի լուրը մեծ ոգևորություն առաջացրեց հայ գործիչների շրջանում։ Արցախի մելիքները այդ ժամանակ կազմակերպել էին 12000 — անոց զորք։ Դրանից 10000-ը Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ցուցումով մեկնեց Գանձակի մոտակա Չոլակ վայրը ՝ սպասելու ռուսական զորքի գալուն։ Հայկական զորքը Չոլակից վերադարձավ Արցախ և ձեռնամուխ եղավ երկրամասի ինքնապաշտպանությանը։ Ազատագրական պայքարին օժանդակելու նպատակով Շիրվանից Արցախ եկած Ավան և Թարխան հարյուրապետերը ՝ իրենց համախոհներով։ Գյուլիստանում, Շուշիում, Ավետարանոցում, Ջրաբերդում, Քարագլխում և այլ վայրերում կազմակերպվեցին պաշտպանական ամրոցներ ՝ սղնախներ։ 1723թ. հունիսին թուրքական զորքերը գջզավթեցին Թիֆլիսը և շարժվեցին Գանձակ։ Ռուս-թուրքական մրցակցությունը այդ ժամանակ հանգուցալուծվեց 1724թ. հունիսի 12-ին Կոստանդնուպոլսում կնքված պայմանագրով։ Այսրկովկասյան տարածաշրջանի և Ատրպատականի պարսկական տիրույթները բաժանվեցին Ռուսսաստանյան և Օսմանյան կայսրությունների միջև։ Վրաստանը և Արևելյան Հայաստանը ամբողջությամբ թողնվեցին Օսմանյան կայսրության տնօրինությանը։ Ռուսաստանը այլևս չէր կարող օգնության հասնել հայկական ուժերին, որոնք հակառակ թուրքերի պահանջներին, շարունակում էին զինված պայքարը։ Թուրքական զորքերը 1724թ. գարնանը ներխուժելով Արարատյան դաշտ սկսում են ավերել հայկական բնակավայրերը։ Կարբի գյուղի ոնակիչները 40 օրվա համառ դիմադրությունից հետո միայն վայր դրեցին զենքը, երբ թշնամին խոստացավ չմտնել իրենց բնակավայրը։ Հունիսի 7-ին թուրքական զորքը պաշարեց Երևանը։ Պաշտպանության համար ոտքի կանգնեց նաև մերձակա հայկական գյուղերի բնակչությունը։

Հակառակորդի գրոհները մատնվում էին անհաջողության։ Պարենի ու զինամթերքի սպառման պատճառով 1724թ. սեպտեմբերի 26-ին Երևանը անձնատուր եղավ։ Թուրքերի կորուստը կազմեց շուրջ 20000 մարդ։ Երևանի պաշտպանությունը ցույց տվեց հայ ժողովրդի ազատասիրության բարձր ոգին։ Դրա շնորհիվ կասեցվեց թուրքական զորքերի առաջխաղացումը Արցախին ՝ հնարավորություն տալով տեղի ուժերին ժամանակ շահելու և նախապատրաստվելու ահեղ մարտերին։ Արցախի ազատագրական ուժերը 1724թ. թուրքական զորքերի դեմ համատեղ գործելու մասին համաձայնագիր կնքեցին Գանձակի մահմեդականների հետ։ Համագործակցելու առաջարկներ արվեցին նաև պարսկական իշխանություններին։ Հուսադրող էր ազգային գործիչ Իվան Կարապետի ժամանումը Ռուսաստանից ՝ ազատագրական պայքարին օժանդակելու խոստումներով։ 1725թ. մարտին թուրքական երեք զորամասեր ներխուժեցին Վարանդա գավառ։ Կորուստներից խուսափելու համար մելիքները դիմեցին հնարամտության։ Շուրջ 6000 թուրք զինվորների տեղավորելով հայկական գյուղերում ՝ հայ ինքնապաշտպանական ուժերը գիշերային հանկարծակի գրոհով ոչնչացրին նրանց։ Այս հաղթական գործողությունը բարձրացրեց հայերի ինքնավստահությունը և մարտունակությունը։ Անհաջողության մատնվեց նաև Արցախի դեմ թուրքական հաջորդ հարձակումը։ 1726թ. Օսմանյան զինուժի ՝ Շուշին գրավելու փորձերը հաջողություն չունեցան։ Ութօրյա մարտերում տալով մոտ 800 զոհ ՝ թուրքերը նահանջեցին Գանձակ։ Չստանալով Ռուսաստանից խոստացված օգնությունը և ցանկանալով կանխել հետագա արյունահեղությունը ՝ հայկական ուժերի մի մասը դադարեցրեց պայքարը։ 1728թ. մահացավ Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանը։ Հաջորդ տարի Ավան և Թարխան հարյուրապետերի գլխավորությամբ հայ զինվորականության մի մասը տեղափոխվեց ռուսաստանյան բանակ ՝ մտնելով նորաստեղծ «Հայկական էսկադրոնի» կազմը։ Սակայն 1729-1731թթ. թուրքական նվաճողների դեմ շարունակում էր պայքարել Գյուլիստանի սղնախը ՝ Աբրահամ սպարապետի գլխավորությամբ։ Արցախի զինված պայքարը ոգեշնչող դեր ունեցավ հայ ժողովրդի հետագա սերունդների համար ՝ հավատ ներշնչելով սեփական ուժերի նկատմամբ։

Սյունիքում

Սյունիքում հայկական ուժերը սկզբնական շրջանում համախմբված չէին։ Անհանգստացնող հանգամանք էր նաև այնտեղ պարսկամետ ուժերի ազդեցությունը։ Սյունիքում զինված շարժումը նախապես ուղղված էր հյուսիսից անընդհատ արշավող լեզգի հրոսակախմբերի հետ։ Ազատագրական շարժումը համախմբելու համար քայլեր ձեռնարկվեցին։ Հայաստան ուղարկված հայ զինվորականները Դավիթ բեկի գլխավորությամբ 1722թ. հասան Սյունիք և հաստատվեցին Շինուհայր ավանում։ Շուտով նրանց շուրջ համախմբվեցին տեղի զինվորական ուժերը։ Դավիթ բեկի ղեկավարությամբ ստեղծվեց ռազմական խորհուրդ, զորքի սպարապետ նշանակվեց Մխիթարը։ Առաջին լուրջ հարվածը 1722թ. աշնանը հասցվեց Ջևանշիր կոչվող քոչվոր ցեղին։ Այդ հաղթանակը մեծ հեղինակություն բերեց Դավիթ բեկին։ Հայկական ուժերը միավորելու գործում կարևոր նշանակություն ունեցավ հավատուրաց մելիք Բաղրին ենթակա ՝ Տաթևի մոտ գտնվող ամրոցի գրավումը։ Դավիթ բեկի պահանջով Բաղրին գլխատեցին։ Այս իրադարձություններից հետո Տաթևը դարձավ Դավիթ բեկի նստավայրը։ Շրջակա մահմեդական տիրակալների դեմ վճռական ՝ հաղթական ճակատամարտը տեղի ունեցավ Չավնդուրի մոտ։ Հետագայում հայկական ուժերի կարևոր հաղթանակներից էր Զևայի և Որոտանի բերդերի ազատագրումը։ Ավելի քան մեկամյա պայքարից հետո հաջողվեց Սյունիքի մեծ մասը ազատագրել։ Դավիթ բեկի գլխավորությամբ 1724թ. ստեղծվեց Կապանի Մեծ իշխանությունը, որի կենտրոնը դարձավ Հալիձորի բերդը։ Ահագնացող օամանյան վտանգը պարսից Թահմասպ 2-րդ շահին ստիպեց ճանաչել հայկական իշխանությունը։ Շահը Դավիթ բեկին իրավունք վերապահեց դրամ հատելու և ապա դաշինք կնքեց նրա հետ: Նա կոչ արեց շրջակա պարսկական կառավարիչներին ճանաչելու Սյունիքի հայկական իշխանությունը, ռամական օժանդակություն ցուցաբերելու և գործելու համաձայնեցված: Երևանը գրավելուց հետո թուրքական զորքերը շարժվեցին դեպի Սյունիք և Ատրպատական: 1727թ. մարտին թշնամին պաշարեց Հալիձորի բերդը: Որոշվեց ճեղքել պաշարումը և անցնել հակահարձակման: Շուրջ երեք հարյուր զինյալներ Մխիթարի և տեր Ավետիսի գլխավորությամբ աննկատ դուրս եկան բերդից: Նրանք հանկարծակի հարվածեցին թշնամուն և խուճապի մատնելով, մեծ կորուստներ պատճառեցին: Թշնամին կորցրեց 148 մարտական դրոշ: Հալիձորի հաջողությունը թուրքերի դեմ տարած ամենախոշոր հաղթանակն էր: Այն ամրացրեց զորքի և բնակչության վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, նոր թափ հաղորդեց զինված պայքարին: Հայկական զինուժը հետապնդելով թշնամուն ազատագրեց Մեղրին: Հալիձորի և Մեղրու հաղթանակները ամրապնդեցին հայոց պետականությունը Սյունիքում: