Без рубрики

Միություն և առաջադիմություն կուսակցություն

Միություն և առաջադիմություն (թուրք. «İttihat ve Terakki», «իթթիհաթ վե թերաքքի»), երիտթուրքեր, թուրքական քաղաքական կուսակցություն։ Հիմնվել է 1889 թվականի մայիսի 21-ին՝ «Օսմանյան միասնության ընկերություն» անունով։ Նպատակը 1876 թվականի Սահմանադրության վերականգնումն էր և պառլամենտի գումարումը։ Ավելի ուշ վերանվանվել է «Միության և առաջադիմության օսմանյան ընկերություն» և միավորվել երիտթուրքերի Փարիզի խմբի հետ։ Հիմնադիրներն էին Աբդուլլահ Ջևդեթը, Իսհակ Սյուքութին, Իբրահիմ Թեմոն, Հիլմի Թունալըն և Աքիլ Մուխթարը։ Հալածանքների պատճառով ղեկավարները փախել են արտասահման։ 1897 թվականին սկսել են գործել ընկերության Ժնևի, ապա և Կահիրեի բաժանմունքները։ Ընկերությունը հրատարակել է թերթեր Կ.Պոլսում, Զմյուռնիայում, Ժնևում, Կահիրեում, քննադատել Աբդուլ Համիդ ll-ի վարչակարգը։ 1902 թվականին Փարիզի համագումարում ընկերությունը պառակտվել է 2 խմբի. Սաբահէդդինի կողմնակիցների և Ահմեդ Ռիզայի կողմնակիցների։ Դաշնակցության ներկայացուցիչ Խ. Մալումյանի միջնորդությամբ, կողմերը համաձայնել են միավորել ուժերը սուլթանի դեմ պայքարում։ Այդ ժամանակ Սալոնիկում գործել է Ազատության օսմանյան ընկերությունը, որը հանդես է եկել կայսրության ներքին գործերին եվրոպական տերությունների միջամտության դեմ. ագիտացիա արել բանակում և այլն։ 1908 թվականին այդ ընկերությունը որոշել է միավորվել Փարիզի ընկերության հետ, և նրա պարագլուխները մտել են ԿԿ կազմի մեջ։ 1908 թվականի հուլիսի 23-ի զինված հեղաշրջման հետևանքով իթթիհաթականները հռչակել են սահմանադրության վերականգնումը։ Դրանից հետո գաղտնի ԿԿ անդամներ Թալեաթը, Էնվերը, Բեհաեդդին Շաքիրը, Միդհաթ Շյուքրին և ուրիշներ Սալոնիկից տեղափոխվել են Կ. Պոլիս, շուտով նրանց գլխավորած ընկերությունը հռչակվել է քաղաքական կուսակցություն։ Լինելով պանթյուրքիզմի մոլի ջատագովներ՝ նրա պարագլուխները իրենց տասնամյա կառավարման ընթացքում (1908-1918) Օսմանյան կայսրությունը երեք անգամ ներքաշել են արկածախնդրական պատերազմների (1911 թվականին՝ Տրիպոլիտանական, 1912-1913 թվականներին՝ Բալկանյան, 1914-18 թվականներին՝ Առաջին աշխարհամարտ) մեջ՝ նոր տարածքներ զավթելու նպատակով։

Оставьте комментарий